• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Տեղի է ունեցել հայ-վրացական ուսանողական առաջին դպրոցի փակումը

Երեւանում, այսօր` փետրվարի 2-ին, տեղի է ունեցել հայ-վրացական ուսանողական առաջին ձմեռային դպրոցի փակումը: Ծրագրին մասնակցել են 80 երիտասարդներ, որից 40-ը Վրաստանի ներկայացուցիչներ էին, 40-ը` Հայաստանի: Թբիլիսիի եւ Ախալցխայի համալսարանները ներկայացնող ուսանողներից բաղկացած պատվիրակության կազմում եղել են հայ ուսանողներ:

Վեցօրյա ծրագրի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մի շարք թեմաներով, անցկացվել են ինտելեկտուալ խաղեր, մարզական միջոցառումներ, ինչպես նաեւ մասնակիցների համար ընթերցվել են դասախոսություններ։ Միջոցառումների շրջանակներում երիտասարդները այցելել են նաեւ Հայաստանի պատմամշակութային վայրեր։

Իսկ արդեն մեկշաբաթյա դպրոցի ամփոփման ընթացքում դպրոցի մասնակիցները հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեին եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին:

Համագործակցության նոր առաջարկներ են եղել, որպեսզի կազմակերպվեն ուսանողական հայ-վրացական մշակութային օրեր, իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշել է, որ իրականություն դառնալու դեպքում, հանդիպմանը կհրավիրվեն նաեւ Հայաստանի եւ Վրաստանի նախագահները:

ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գեորգի Տաբատաձեն նշել է. «Երբեմն նման հանդիպումները շատ ավելի կարեւոր են, քան քաղաքական հանդիպումները, քանի որ երկու հանրապետությունների բարեկամության սերտացման, մշակույթների փոխանակման գործում երիտասարդների դերակատարությունն ավելի մեծ է»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշել է, որ Թբիլիսիի պետական համալսարանում հայագիտությունը որպես ուղղություն եւ գիտական կրթական ծրագիր մեծ ավանդույթներ ունի, իսկ Երեւանի պետական համալսարանում գործում է վրացագիտության կենտրոն, եւ այս տարվա սեպտեմբեր ամսից կովկասագիտություն ծրագրի շրջանակներում արդեն բակալավրիատում եւ մագիստրատուրայում կուսուցանվի վրացագիտություն` լեզու, մշակույթ, գրականություն, պատմություն:

Ձմեռային դպրոցի մասնակիցները ընդունել են նաեւ հռչակագիր, որտեղ կարեւորել են նմանօրինակ նախաձեռնությունները:

 


18
Декабрь
0
1244

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar