• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Վ ածանցով սխալ բայաձևեր կազմելու և գործածելու մասին հորդորակ

Կրավորական սեռի բայերը ցույց են տալիս գործողություն, որը ենթական կրում է իր վրա։ Կազմվում են միայն ներգործական սեռի բայերից, որոնց ավելանում է Վ ածանցը, ինչպես՝ գնահատել – գնահատվել, հրավիրել – հրավիրվել։ Հասկանալի է, Վ ածանց կարող են ստանալ ոչ բոլոր բայերը, սակայն որոշ դեպքերում մենք դա նրանց «պարտադրում ենք»՝ կազմելով սխալ ձևեր կամ սխալ գործածելով։ Օրինակ՝ «խնդրել» բայից կազմվող խնդրվել-ը հաճախ տեսնում ենք զանազան գրություններում՝ «Խնդրվում է չծխել», ժողովների ժամանակ բարձրախոսով «խնդրվում է անցնել դահլիճ», հասարակական վայրերում «խնդրվում է չաղտոտել»։ Այս բոլոր դեպքերում պետք է ասել (գրել). «Խնդրում ենք չծխել», «Խնդրում ենք / եմ անցնել դահլիճ», «Խնդրում ենք չաղտոտել»։ Սխալներ հանդիպում են նաև «սպասել» և «սպասվել» բառերի գործածության ժամանակ։ Ոմանք չեն կողմնորոշվում, թե ո՛րն է ճիշտ․ օրինակ՝ «Երիտասարդությանը սպասո՞ւմ է, թե՞ սպասվում է լավ ապագա» կամ «Առաջիկայում բնակչությանն սպասո՞ւմ են, թե՞ սպասվում են անակնկալներ»։ Բնականաբար, ճիշտ չեն «Հայաստանին սպասվում է լավ ապագա», «Բնակչությանն սպասվում են անակնկալներ» և համանման նախադասությունները, որովհետև ինչպես «Ուսուցչին սպասում են աշակերտները» կամ «Ուղևորները սպասում են ավտոբուսի», այնպես էլ «Հայաստանին սպասում է լավ ապագա» կամ «Բնակչությանը սպասում են անակնկալներ»։ Կարող է հարց ծագել. իսկ սխալ չե՞ն, օրինակ, «Վաղը սպասվում է անձրև», «Հաջորդ շաբաթ սպասվում է ձյուն» և նման ձևակերպումները, որոնք լսում ենք հաճախ։ Հակառակ որոշ առարկությունների՝ սրանք թերևս կարելի է ճիշտ համարել, որովհետև հայերենն ընդունել է այս արտահայտությունները։
18
Декабрь
0
412

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar