• Աշխատում ենք 09 00 մինչ 20 00, Ամեն օր:
  • +374 (093) 78 78 33
  • usum@usum.am


Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարան (ՎԿԳՀ) ու Հայաստանի ազգայինագրարային համալսարանը խորացնում են համագործակցությունը

Մայիսի 29-30-ը Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում տեղի ունեցան ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ միջազգային ծրագրերի պատասխանատու (DAAD, Erasmus+, TOPAS), գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի, արևելաեվրոպական ծրագրերի և ՀՀ-ում DAAD կրթական ծրագրերի պատասխանատու դոկտոր, պրոֆեսոր Յոհաննես Հոլցների, ՎԿԳՀ «Կենսազանգվածի» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն դոկտոր Նիկոլաս Ալթի, Erasmus+ և TOPAS ծրագրերի համակարգող, ՎԿԳՀ գիտաշխատողներ դոկտոր Արամ Արիստակեսյանի, դոկտոր Հայնց-Փեթր Վոլֆի հետ և ՎԿԳՀ-ում ՀԱԱՀ հայ ուսանողների հետ հանդիպումները: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.
• «Ագրարային մենեջմենթ» հայալեզու և գերմանալեզու մագիստրոսական ուսումնական ծրագրերի միջազգային հավատարմագրման գործընթացը
• «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ուսումնական ծրագրերի շրջանակներում կրկնակի դիպլոմների շնորհման կարգը և գործընթացի առանձնահատկությունները
• ՎԿԳՀ և ՀԱԱՀ համատեղ կրթական ծրագրերի (DAAD, Erasmus+ և TOPAS) ընթացքը
• ՀՀ-ում ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի ներդրման և գործարկման ընթացքը
• ՀԱԱՀ-ում գերմաներեն լեզվի իմացության և տարածման համար ուսուցման կենտրոնի հիմնադրման հնարավորությունները
Պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերը, շնորհավորելով ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, տեղեկացրեց, որ վերը նշված միջազգային հավատարմագրումն անթերի համագործակցության արդյունքում երկարաձգվել է մինչև 2021թ. սեպտեմբեր: Հավատարմագրման վկայագիրն արդեն ուղարկվել է ՀԱԱՀ:
2017թ. դեկտեմբերին ՎԿԳՀ և ՀԱԱՀ առաջին չորս շրջանավարտները ստացան միաժամանակ երկու բուհերի դիպլոմներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հունիսի 1-ին ՎԿԳՀ համալսարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ առավել հստակեցնել երկու բուհերի կրկնակի կամ երկակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը և ստորագրվելիք համաձայնագրի դրույթները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերը նշված ծրագրերի շրջանակներում առավել ընդլայնել ուսանողների, մագիստրանտների և դասախոսների գործնական ուսուցման բարելավմանն ուղղված միջոցառումները: Առավել ակտիվացնել ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, շարժունակության խթանմանը միտված միջոցառումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Erasmus+ և TOPAS ծրագրերի շրջանակներում առաջիկա շաբաթների ընթացքում սկսել գիտահետազոտական և ուսանողների դիպլոմային աշխատանքների համար նախատեսված տվյալների բազայի ստեղծման աշխատանքները:
Քննարկումների ընթացքում կարևորվեց նաև գյուղատնտեսական ժամանակակից տեսական գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման արդյունավետության բարձրացման համար գործարկել առցանց ուսուցման ևս չորս կուրս՝ ՎԿԳՀ օրինակով:
Քննարկվեց ՀՀ-ում նախատեսված ՀԱԱՀ և գյուղատնտեսական քոլեջների բազայի հիման վրա ուսումնա-գիտաարտադրական կենտրոնի հիմնման ընթացքը և ներկա վիճակը: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի կողմից մեկ անգամ ևս կարևորվեց ՀՀ-ում ագրարային բնագավառի ուսանողների, դասախոսների և հատկապես գյուղացիական տնտեսությունների մասնագետների, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների վերապատրաստման և գործնական հմտությունների ձեռքբերման կարևորությունը՝ ժամանակակից օրինակելի ուսումնաարտադրական կենտրոնում՝ Բավարիայի Թրիսդորֆի ագրարային ուսումնական կենտրոնի օրինակով:
Կարևորվեց նաև երկու բուհերի շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը, որպեսզի բարձր որակավորում ունեցող շրջանավարտները նախ և առաջ հայրենիքում աշխատանքի տեղավորվեն և միայն եզակի դեպքերում աշխատանք փնտրեն արտերկրում:
ՀԱԱՀ ռեկտորը հանդիպեց նաև ՎԿԳՀ համալսարանի տաս հայ ուսանողների հետ. քննարկվեցին երիտասարդներին հուզող բազմաթիվ կազմակերպչական հարցեր:
ՀԱԱՀ և Բավարիայի ՎԿԳՀ համագործակցության մյուս կարևոր հարցերը կքննարկվեն հունիսի 1-ին նախատեսված՝ ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանի և ՎԿԳՀ նախագահ Էրիկ Վուլլեի հանդիպման ընթացքում:

ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
18
Декабрь
0
658

Մեկնաբանություններ նյութին: 0

avatar