Հասարակության առաջընթացի կարևորագույն պայմաններից մեկը սերունդների պատմական ժառանգորդության պահպանումն է։ Դաստիարակությունը, ինչպես հայտնի է, համարվել է դարերով կուտակված մարդկային փորձի փոխանցման միջոց, որը յուրաքանչյուր ժողովրդի մեջ դրսևորվում է անկրկնելի և յուրօրինակ բնութագրով։ Ժողովրդական մանկավարժությունը, արտացոլելով մանկավարժական գիտելիքի որոշակի մակարդակ, մարդկության հոգևոր առաջընթացի որոշակի պատմական փուլում հանդիսացել է այն հիմքը, որի վրա ծագել ու զարգացել է մանկավարժական գիտությունը։ Սակայն այնպես, ինչպես պատմական զարգացման ընթացքում գեղարվեստական գրականության ծագմամբ չվերացան բանահյուսական ստեղծագործությունները, այդպես նաև մանկավարժական գիտությունը ժողովրդի առօրյա կյանքից ամբողջովին դուրս չմղեց ավանդույթի ուժ ստացած նրա մանկավարժական հայացքները և գիտելիքները։ Մանկավարժական գիտությունը և ժողովրդական մանկավարժությունը, մտնելով բարդ փոխգործակցության մեջ, փոխադարձաբար նպաստել են մեկը մյուսի հարստացմանը՝ ստեղծելով մի միասնական ոլորտ, որը կարելի է կոչել մանկավարժական մշակույթ։