Գլուխ 1
ԼՍՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ
Սահմանափակ կարողություններով երեխաների կատեգորիա, որի մեջ մտնում են լսողության տարբեր խանգարումներով երեխաներ: Խուլ երեխաները տառապում են լսողության խոր, կայուն, երկկողմանի խանգարումով: Նրանք չեն կարող ինքնուրույն տիրապետել խոսքին և առանց հատուկ ուսուցման դառնում են խուլուհամր: Խուլերի մեծ մասն ունի մնացորդային լսողություն, ինչը թույլ է տալիս նրանց ընկալել միայն շատ բարձր ձայները (ավելի քան 80 դեցիբել ուժով և 1000-2000 հերց դիապազոնում): Լսողական տպավորությունների անբավարարությունն աղքատացնում է երեխայի ներաշխարհը: Նրա զարգացմանն առավել վնաս է հասցնում խլության ստեղծած արգելքը՝ տիրապետել բանավոր խոսքին՝ որպես հաղորդակցման և շրջապատող աշխարհի ճանաչման միջոց, որպես մտածողության գործիք: Որքան շուտ է երեխային ուսուցանվում բանավոր խոսքը՝ մնացորդային լսողության և շրջապատողների շուրթերից կարդալու ունակության օգտագործմամբ և զարգացմամբ, այնքան քիչ է հոգեկան զարգացումը շեղվում նորմայից:
Նույնիսկ հատուկ ուսուցման պայմաններում խուլերի բանավոր խոսքի զարգացումը հետ է մնում նորմայից և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք վերաբերում են կապակցված խոսքի տիրապետմանը, բառերի ձայնատառային կազմի յուրացմանը: Հաճախ նկատվում է բառերի նշանակության մասին պատկերացումների ընդլայնում և նեղացում: Ուսուցման ժամանակ երեխաները ավելի հեշտ են տիրապետում առարկաներ նշող բառերին, քիչ ավելի դժվար՝ գործողություններ, որակ, հատկանիշ, էլ ավելի դժվար՝ վերացական և փոխաբերական իմաստ ունեցող բառերին: Կապակցություններ կառուցելիս նրանք խախտում են քերականական կանոնները: Խոսքի ընկալումն առաջ է անցնում սեփական խոսքի բանավոր և գրավոր արտահայտումից: Խոսքին տիրապետելու սահմանափակ հնարավորություններն ազդում են ճանաչողական գործընթացների (օրինակ՝ բանավոր տրամաբանական մտածողության ձևավորումը կատարվում է նշանակալի ուշացումով և աչքի է ընկնում յուրօրինակությամբ), զգայակամային ոլորտի զարգացման վրա և այլն:
Լսողների հետ հաղորդակցվելու համար Լ.խ.ե. օգտվում են բնական ժեստերից (ցուցադրող, գործողություններ նմանակող, առարկաների հատկանիշ պատկերող), որոնք սովորաբար մշակվում են միմյանց հետ հաղորդակցվելու ընթացքում: Նրանք իրար հետ հաղորդակցվում են դիմաշարժային և ժեստային խոսքի միջոցով, որի ձայնային և տեղեկատվական կառուցվածքն ավելի բարդ է, քան բնական ժեստերինը, սակայն այդ խոսքը տարբերվում է բանավոր խոսքից իր բառապաշարով, քերականությամբ, արտահայտման եղանակով, զգալիորեն աղքատ է բանավորից և օգտագործվում է սահամանափակ շրջանակի մարդկանց հետ շփվելիս:
Հատուկ ուսուցումը երեխաներին թույլ է տալիս տիրապետել բանավոր խոսքին, ինչը մեծացնում է լսողների հետ հաղորդակցվելու հնարավորությունը, նպաստում է թերությունների հաղթահարմանն ինչպես ճանաչողության, այնպես էլ անհատականության զարգացման ոլորտում:
Օգտագործված գրականության ցանկ