Պատմությունը ամեն մի ժողովրդի մի հայրենիք է վիճակել։ Նա հայերին վատ հայրենիք չպարգևեց, բայց պատմական դժնդակ պայմանների բերումով այն գտնվեց աշխարհակալ պետությունների բախման, մեծ ճանապարհների հանգույցում։ Մեկը մյուսին հաջորդելով, Հռոմի, Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբների, թուրքերի և վերջապես, Ռուսաստանի շահերն են բախվել Հայաստանում։ Բացի այդ աշխարհակալ պետություններից, Հայաստան են ներխուժել թաթարական, մոնղոլական և այլ հորդաները, որոնց գրավել է երկրի հարուստ բնությունը՝ հատկապես նրա արոտավայրերը։ Ահա թե ինչու շատ հաճախ հայերից շատերը ստիպված են եղել թողնել իրենց հայրենիքը և ապաստան գտան օտար երկրներում:Բնականաբար հայկական մշակույթը զարգացավ նաև Հայաստանից դուրս՝ գաղթօջախներում, ուր հայերը գտնում էին ապրուստի խաղաղ պայմաններ։
Հայկական դպրոցներ էին հիմնվում Հայաստանից դուրս՝ Նոր Ջուղայում, Լվովում, Աստրախանում, Փարիզում, Վենետիկում, Կալկաթայում։Վենետիկում է հիմնվել հայկական առաջին տպարանը, որտեղ 1512 թվականին լույս տեսավ առաջին հայկական տպագիր գիրքը։ Իսկ 1694 թվականին Ամստերդամում հայերեն լույս տեսավ աշխարհի առաջին քարտեզը։ Հնդկաստանի Մադրաս քաղաքում, 1794 թվականին լույս է տեսնում հայկական առաջին ամսագիրը։ Երբ 19-րդ դարի սկզբից ուժեղացան հայկական ազգային-ազատագրական շարժումները, ապա դա նպաստեց ազգային մշակույթի, հատկապես հումանիտար գիտությունների՝ պատմության, հայագիտության, լեզվաբանության զարգացման գործին։ Պետերբուրգում հրապարակախոս Ստեփանոս Նազարյանցի գլխավորությամբ հրատարակվում էր «Հյուսիսափայլ» հանդեսը (1858—1864)։
Մեծ գործ էր կատարում Մխիթարյան Միաբանությունը, որը 18-րդ դարի սկզբից Վենետիկում ստեղծել էր մշակութային-հրատարակչական խոշոր կենտրոն։